Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ»-ի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ մինչև տարեվերջ Թուրքիան տալու է իր համաձայնությունը «Հարավային հոսք» գազատարի նախագծի շուրջ։ Այդ գազատարով ռուսական գազը կհասցվի Թուրքիայի տարածքային ջրեր, որտեղից էլ կփոխադրվի դեպի Եվրոպա։
Ըստ Մեդվեդևի՝ «Հարավային հոսք» գազատարով ռուսական գազի փոխադրումը պլանավորված է սկսել 2015 թվականին, սակայն դրան ներկայումս խոչընդոտում է Թուրքիան, որը դեռ չի տվել իր տարածքային ջրերում ռուսական գազատարի կառուցման թույլտվությունը.
«Ներկայումս տվյալ խնդրի շուրջը բանակցություններ են տարվում Թուրքիայի հետ, որոնք, ամենայն հավանականությամբ, ավարտվելու են թուրքական համապատասխան թույլտվության կայացմամբ։ Դա տեղի կունենա մինչև տարեվերջ։ Թուրքիան հավելյալ պահանջներ առաջ չի քաշել»։
Հիշեցնենք, որ նախկինում Ռուսաստանը հուսով էր Թուրքիայի այդ համաձայնությունը ստանալ մինչև 2010 թվականի հոկտեմբեր, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ Թուրքիան պահանջել էր իրեն ներկայացնել խողովակաշարի երթուղու վերաբերյալ սեյսմիկ հետազոտություն։











































