Ըստ ComScore Inc-ի տվյալների՝ ԱՄՆ-ի մանրածախ առևտրի վաճառքը, սկսած դեկտեմբերի 12-ից, մեծացել է 15 տոկոսով` հասնելով 26.8 միլիարդ դոլարի: Սա հետևանքն է այն բանի, որ գնորդներն ավելի շատ են օգտվում զեղչերից, որոնք նրանց տրամադրվում են օնլայն վաճառողների կողմից:
Bloomberg-ը գրում է, որ միայն անցած շաբաթվա ընթացքում ծախսի տոկոսը բարձրացել և հասել է ռեկորդային 6.1 միլիարդ դոլարի:
Մանրածախ առևտրի օնլայն վաճառողները` Amazon.com և EBay ընկերությունների գլխավորությամբ, ամեն ինչ անում են, որպեսզի գնորդներին համոզեն գնումներն անել համացանցում՝ իրական խանութների փոխարեն: Օրինակ, Amazon.com-ն իր գնորդներին առաջարկել է զեղչեր՝ հատուկ ապրանքների համար: Իսկ EBay-ը գնորդների համար ստեղծել է հնարավորություն՝ մինչ ապրանքի պատվիրելը տեսնել այն: Իսկ անվճար առաքումն էլ ավելի կավելացնի համացանցի միջոցով առևտուր անող գնորդների թիվը:









































