Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է ևս երկու ժամով` տեղական ժամանակով մինչև 21:00–ը, քանի որ ընտրողների թիվը շատ է: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Եգիպտոսում քվեարկում են հերթական ինը նահանգները` Գիզան, Շարկիյան, Իսմաիլիան, Մանուֆիան, Սուեզը, Բուհեյրան, Բենի-Սուեյֆը, Ասուանը և Սոխագը: Այս փուլին մասնակցում է 18,8 միլիոն քաղաքացի:
Շատ ընտրողներ բողոքում են, որ քվեաթերթիկում նշված է չափից շատ թեկնածուների անուններ, որոշ շրջաններում անգամ 100-ի է հասնում: Դա դժվարացնում է անհրաժեշտ թեկնածուի անունը գտնելու գործընթացը:
Ինչ վերաբերվում է խախտումներին, ապա դրանք համեմատած նախորդ փուլի հետ ավելի քչացել են:









































