Ավանդաբար Ամանորը փոքրիկների ամենասիրած տոնն է համարվում, և հաշված օրեր են մնացել Նոր տարվան:
«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել` ինչպե՞ս են Նոր տարին դիմավորում Երևանի մանկատների երեխաները, ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվում նրանց համար:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երևանի մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 23-ին ու 26-ին և հունվարի 14-ին Երևանի մանկան տուն կայցելեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Դեկտեմբերի 23-ին` ժ. 16:30-ին, ամանորյա միջոցառումը կկազմակերպի Կենտրոն համայնքը, որոնք իրենց աշխատողներով, նվերներով, անակնկալներով կգան մանկատուն, իսկ դեկտեմբերի 26-ի միջոցառումը կկազմակերպի անհատ բարեգործը:
Նրա խոսքով` բարերարը դարձյալ երեխաներին կուրախացնի Ձմեռ պապիկով ու անակնկալներով, երեխաների համար տոնական սեղան կբացվի տորթերով, մոմերով:
Երևանի մանկան տան տնօրենի խոսքով` ներկայումս իրենց մոտ կա 2-5 տարեկան 14 երեխա և 1,5-2,5 տարեկան 10 երեխա և 24 երեխաներից 14-ը հանդես կտան ամանորյա համերգով:
Մանկան տանը ներկայում բնակվում են 3 օրականից 6 տարեկան երեխաներ: 6 տարին լրանալուց հետո երեխաները կա՛մ վերադարձվում են իրենց կենսաբանական ընտանիքներին, կա՛մ տեղափոխվում են համապատասան մանկատներ:
Այս մանկատունը Երևանում բացված առաջին մանկատներից է, որը բացվել է 1937 թ.:









































