Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ ՄԱԿ-ում արաբերենի օրվան նվիրված հայաստանյան առաջին միջոցառումը: Այն կազմակերպել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը և ծրագրել էր 2011 թվականի ընթացքում նշել ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուների օրերը:
Արաբերենի օրը պաշտոնապես նշվում է դեկտեմբերի 8-ին, քանի որ 1973 թվականին հենց այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արաբերենը հռչակեց ՄԱԿ-ի 6-րդ պաշտոնական լեզու: Այս մասին իր ողջույնի խոսքում նշեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:
«Այսօր մարդիկ խոսում են 6000-ից ավելի լեզուներով: Լեզուների թիվը նվազում է, գրեթե ամեն շաբաթ առնվազն մեկ լեզու անհետանում է կամ մահանում` իր հետ տանելով մշակութային ժառանգություն»,- նշեց Եգիպտոսի դեսպանը` անդրադառնալով նաև արաբական լեզվի առանձնահատկություններին, ծագմանը և տարածվածությանը:
«Արաբերենը այն 10 լեզուներից է, որ հաճախ գործածվում է համացանցում, գտնվում է 7-րդ տեղում` հասնելով տարածման 17.5 տոկոսի, և այդ տոկոսով գերազանցելով լայն տարածում ունեցող կենդանի այլ լեզուների, այդ թվում` ֆրանսերենին»:
Միջոցառման պաշտոնական մասից հետո ԵՊՀ արաբագիտության բաժնի ուսանողները ներկայացրին Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի արաբերեն լեզվով բեմականացումը, ինչպես նաև արաբական երգ ու պար:
Որպես մայրենի լեզու` ներկայում ավելի քան 450 միլիոն մարդ խոսում է արաբերենով, մոտավորապես նույն քանակով էլ խոսում են արաբերենով` որպես երկրորդ լեզու:










































