Օրերս տեղի է ունեցել «Արդար Ռուսաստան» կուսակցության համագումարը, որը հրավիրվել է ՌԴ նախագահի թեկնածու առաջադրելու օրակարգով: Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցել է ՀՅԴ Մոսկվայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը:
«Արդար Ռուսաստանը» նախ` ամփոփել է Դումայի ընտրությունների արդյունքները, ինչի համաձայն կուսակցությունը համարյա կրկնապատկել է իր ցուցանիշը` 13.2 տոկոսով զբաղեցնելով երրորդ տեղը՝ ստանալով 64 մանդատ:
«Հարկ է նշել, որ ՌԴ Պետդումայի ընտրություններում «Արդար Ռուսաստանի» ցուցակում ընդգրկված էին ամենաշատ թվով հայեր: Նրանցից ընտրվել է Հովհաննես Օհանյանը, ով վայր է դնելու Դաշնային խորհրդի անդամի իր լիազորությունները և խորհրդարանական գործունեությունը շարունակելու է Դումայի կազմում: Նա այս գումարման Դումայում միակ հայն է հանդիսանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաջորդ տարի մարտին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար համագումարը առաջադրել է կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի թեկնածությունը: Իր ծրագրային ելույթում նա հայտարարել է, որ զարգանալու համար Ռուսաստանը պետք է այլընտրանքի, իսկ քաղաքացիները` իրական ընտրության հնարավորություն ունենան:
Կուսակցության ղեկավարությանը և համագումարի պատգամավորներին ողջույնի ուղերձ է հղել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը, ուր մասնավորապես ասվում է. «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության դիրքերի ամրապնդումը, անշուշտ, նպաստում է Ռուսաստանում քաղաքական համակարգի զարգացմանը և համապատասխանաբար` ռուսաստանյան հասարակության հրատապ խնդիրների լուծմանը:
Այն նաև դրական ազդեցություն է թողնում ԱՊՀ տարածքում սոցիալ-դեմոկրատական սկզբունքների ամրագրման վրա: Վստահ ենք, որ հետագայում ևս Դաշնակցության և «Արդար Ռուսաստանի» հարաբերությունները ինչպես երկկողմանի միջկուսակցական մակարդակում, այնպես էլ Սոցինտերնի շրջանակում կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների և միջազգային սոցիալիստական շարժման զարգացմանը»:







































