Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին $56,1 մլն հատկացնելու որոշումը` Extended Fund Facility (EFF)-ի եւ Extended Credit Facility (ECF)-ի ընդլայնված ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում երկրում վարվող տնտեսական քաղաքականության երրորդ վերանայման արդյունքներով:
Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը, որոշումը ՀՀ կառավարությանը հնարավորություն է տալիս հիմնադրամի կողմից հաստատված միջոցներից ստանալ հերթական տրանշը $56,1 մլն-ի չափով` հասցնելով ստացված միջոցների ծավալը $224,3 մլն-ի (144.8 մլն SDR):
2010թ. ԱՄՀ-ի գործադիր խորհրդի կողմից հաստատված եռամյա ծրագրի տվյալների շրջանակներում ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 266,8 մլն SDR կամ $413,4 մլն:
Վարկային միջոցները հատկացվում են տնտեսության խթանման նպատակով` 10 տարով 5.5 տարվա արտոնյալ ժամկետով և զրոյական դրույքաչափով:
ԱՄՀ-ի գործադիր փոխտնօրեն Նեմատ Շաֆիկը (Nemat Shafik) գոհունակություն է հայտնել ՀՀ իշխանությունների դրամավարկային քաղաքականության կապակցությամբ, որոնք կարողացել են զսպել բարձր գնաճը և միաժամանակ վերականգնել հետճգնաժամային տնտեսությունը:
ԱՄՀ-ն բավարարված է նաև 2011-ին բյուջետային դեֆիցիտի նվազեցմամբ, ինչպես նաև ողջունում է 2012-ի հարկային օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է հարկային մուտքերի աճ 101 մլրդ դրամի չափով (շուրջ $260 մլն):
Հիմնադրամը նշում է Հայաստանում կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտությունը: «Լայնածավալ բարեփոխումները պետք է կենտրոնացած լինեն գործարար միջավայրի բարելավման, մրցակցության խթանման, տնտեսության ավելի մեծ արդյունավետության եւ արտահանման աճի վրա», – ասել է Նեմատ Շաֆիկը` նշելով տեղական շուկայում «վճռորոշ բեկման» անհրաժեշտությունը կարգավորման կրճատման, թափանցիկության և մրցակցության բարձրացման ուղղությամբ»:
ԱՄՀ-ն նշում է, որ Հայաստանը բախվում է արտաքին ռիսկերին, որոնք կարող են սրել երկրի ներկայիս խոցելիությունն այն պայմաններում, երբ ավելացված պետական պարտքը սահմանափակում է տնտեսական աճի ֆիսկալ խթանման հնարավորությունները:
Նման պայմաններում ԱՄՀ-ն ընդգծում է իշխանությունների կողմից ժամանակին և խելամտորեն իրականացվող քայլերի կարեւորությունը` երկրում արտարժույթի ավելի ճկուն փոխարժեք, ինչպես նաև գործարար միջավայրի և մրցակցության բարելավման նպատակով կայուն առաջընթաց ապահովելու ուղղությամբ:











































