Բելգիայի Լյեժ քաղաքում զինված հարձակման արդյունքում զոհվել է չորս մարդ, այդ թվում` հարձակում գործած մարդը, իսկ վիրավորների թիվը հասել է 75-ի: Այս մասին հաղորդում են արևմտյան տեղեկատվական գործակալությունները: Հարձակում գործած անձնավորությունը 32-ամյա Նորդիան Ամրանն է եղել:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ զոհվել է երեք մարդ: Իսկ France-Press գործակալությունը, հղում է անելով դատախազությանը, հայտնում է, որ վիրավորների թիվը հասել է 75-ի:
Հիշեցնենք, որ մինչ այս հաղորդվում էր 64 վիրավորների մասին:
Սկզբում հաղորդվում էր, որ ահաբեկչությունն իրականացրել են երեք հոգի, սակայն հետագայում պարզվեց, որ Ամրանը միայնակ է գործել: Դեպքի վայրից փոքր-ինչ հեռու ոստիկանությունը հայտնաբերել է նրա ավտոմեքենան: Ամրանը քրեական անցյալ է ունեցել: Երեք տարի առաջ նա դատապարտված է եղել 58 ամսվա ազատազրկման՝ ապօրինի զենք պահելու և մարիխուանա աճեցնելու համար:











































