Դեկտեմբերի 13-ին Սեյշելյան կղզիներում վթարի է ենթարկվել ամերիկյան անօդաչու թռչող MQ-9 Reaper սարքը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը, հղում կատարելով Մավրիկիոսում ԱՄՆ դեսպանատանը:
Գործակալության տվյալների համաձայն՝ անօդաչու սարքը վթարի է ենթարկվել վայրէջք կատարելիս: Տուժածներ չկան: Միջադեպից հետո օդանավակայանի ղեկավարությունը կրկին բացել է թռիչքուղին:
ԱՄՆ-ը Սեյշելյան կղզիներում անօդաչու սարքեր է օգտագործում 2009 թվականից՝ Հնդկական օվկիանոսում Սոմալիի ծովահեններին հետևելու համար: Ավելի վաղ ծովահեններից պաշտպանվելու խնդրանքով ԱՄՆ-ին դիմել էր Սեյշելի կառավարությունը:
Ընդհանուր առմամբ, ամերիկյան անօդաչուները հետևում են 1.4 միլիոն քառակուսի մետր տարածք՝ 115 կղզիներում: Սեյշելի զինված ուժերը, որոնց թիվը ընդամենը 500 է, ի վիճակի չեն իրենց պաշտպանել Սոմալիի ծովահեններից:








































