Մոսկվայաբնակ գյումրեցի կինը, ով կրկին ցանկացել է անհայտ մնալ, դիտելով «Գյումրի. անտուն և անտեսված որբ երեխաներ» տեսանյութը, կապվել է «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների հետ և ցանկություն հայտնեց հոգալ երեք միակողմանի ծնողազուրկ երեխաների ամանորյա սեղանի և ձմռան վառելափայտի ծախսերը:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից, այսօր երեխաների մայրը` Էլմիրա Թամազյանը բանկից անմիջապես հետո այցելել է կենտրոն, հովանավորներին իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնելու նպատակով:
«Շիրակ կենտրոնից» հայտնում են, որ նախորդ տեսանյութում խոսվում էր նաև այդ ընտանիքի երեք երեխաներից փոքրի` 4-ամյա Կարուշիկի նախակրթարան հաճախելու անհրաժեշտության մասին:
Գյումրիում նախակրկթարանները վճարովի են, իսկ այս սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ապրող ընտանիքը պարզապես ֆինանսական միջոցներ չուներ վճարելու համար: Բարեբախտաբար տեսանյութը դիտելուց հետո մեկ այլ բարերար էլ ցանկություն էր հայտնել հովանավորել երեխայի նախակրթարանի վարձը:
Ի դեպ նա նույնպես չի ցանկացել, որ հրապարակվի իր անունը:
Տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո այս ընտանիքին աջակցություն էին ցուցաբերել նաև ՀԱԵ Շիրակի թեմը` նրանց ընդգրկելով կանադահայոց թեմի կողմից ամենամսյա նպաստ ստացող երեխաների ցանկում, իսկ Գյումրիի Հայ կաթողիկե երիտասարդ միության անդամները տրամադրել էին վառելափայտ:











































