KM.RU-ի փոխանցմամբ, Թուրքիայի Մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը հատուկ ռուս զբոսաշրջիկների համար ներկայումս մշակում է հատուկ զբոսաշրջային ծրագիր։ Նոր զբոսաշրջային փաթեթում այսուհետ պետք է ներառվի նաև հանգստավայրում բուժում ստանալը։
Թուրքական կողմն իր քայլը պայմանավորել է այս տարի Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած տարբեր տիպի արտակարգ պատահարներով (թունավորում, ավտովթար և այլն)։
Նշվում է, որ այս տարին ամենաանհաջողն էր Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների համար։ Միայն թուրքական Բոդրում հանգստավայրում անորակ ալկոհոլից մահացել է 5 ռուս զբոսաշրջիկ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Ростуризм-ի ղեկավար Ալեքսանդր Ռադկովը հայտարարել է, որ այս տարվա առաջին կիսամյակին Թուրքիայում զոհվել է 43 ռուս զբոսաշրջիկ, ևս 167-ը հայտնվել է արտակարգ պատահարների մեջ։
Ի դեպ, 2011 թ. առաջին 10 ամիսներին Թուրքիա է այցելել 28,665,000 օտարազգի զբոսաշրջիկ, ինչը 10.4 տոկոսով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։
Հունվարից մինչև հոկտեմբեր Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թվով առաջին տեղում Գերմանիան է՝ 15.4 տոկոս, երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 11.7 տոկոս, իսկ երրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան՝ 8.7 տոկոս։









































