Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործը:
Ծառայությունում ավարտվել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում իր և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի համաձայն՝ Սուրեն Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել եւ հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Սուրեն Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար:
Սիլվա Համբարձումյանը մեզ հետ զրույցում նշեց` երբ մարդը զղջում է, նշանակում է` արարքը կատարել է և զղջացել է.
«Քանի որ ինքը պետական մարմին է, ես սա ինձ համար ավելի մեծ հաղթանակ եմ համարում, որովհետև, եթե հիշում եք, Սյունիքի մարզպետարանի լրատվության բաժինն ասում էր, որ նման քայլ չի արել մարզպետը, և հիմա ինքը Սյունիքի մարզպետ հալով ասել է, որ զղջացել է»,- ասաց Ս. Համբարձումյանը` հավելելով, որ սա իր համար ավելի մեծ հաղթանակ է, քան եթե մարզպետի հետ հանդիպեր, և նա անձամբ ներողություն խնդրեր, իսկ մարդիկ էլ հետո կարող էին չհավատալ, որ Սուրեն Խաչատրյանը ներողություն է խնդրել:
«Ինքը դատախազության նոմենկլատուրայի մարդ է. եթե նա դատախազությունում ասել է, որ զղջացել է, այսինքն` փաստը կատարված է, փաստից հետո ինքը զղջում է, այսպես շատ լավ եղավ, ինքը երևի չի հասկացել, մի քիչ խորը չի դատել, որ սա ինձ համար շատ հզոր ներողություն է»:
Նախաքննությունից Սիլվա Համբարձումյանը գոհ է:
Նա նաև նշեց, որ իր գործարանի սարքի առնչությամբ հարուցված քրեական գործը շուտով կավարտվի, և Սուրեն Խաչատրյանը կվերադարձնի կամ սարքը, կամ գումարը:









































