Տիբեթի հոգևոր առաջնորդ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դալայ լաման երկուշաբթի օրը Պրահայում ասուլիսի ժամանակ պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե ինչպես է վերաբերվում քրիստոնեությանը և մասնավորապես, քրիստոնեությունը առաջինն ընդունած հայերին։
«Քրիստոնեությունը հրաշալի ուսմունք է», – հայտարարել է Դալայ լաման և հիշատակել մայր Թերեզայի գործունեությունը։ «Իսկապես, հրաշալի է», – ասել է նա։
«Հայաստա՞ն։ Ես մտածում եմ Ձեզ բավարարող պատասխան տալու համար … պետք է աշխատեմ, փնտրեմ։ Չգիտեմ», – նշել է Դալայ լաման, որն ասուլիսից հետո հարցրել է Հայաստանի մայրաքաղաքի անունը։
Դալայ լաման «աշխարհի վերջի» մասին լրագրողների մեկի հարցին ի պատասխան ասել է, թե կասկածանքով է վերաբերվում այդ գուշակությանը։
«Իսկ եթե իսկապես աշխարհը վերջանա, էլ խնդիր չի լինի: Բայց ես կարծում եմ, որ առնվազն գալիք հազար տարին աշխարհը գոյություն կունենա»,- կատակել է Տիբեթի հոգևոր առաջնորդը։
Նա ասել է, թե որոշ գիտնականներ իրեն ասել են, որ հաջորդ տարի, հնարավոր է, «մի քանի օր կլինի մագնիսական փոթորիկ, և հաջորդ տարի ընդամենը մի քանի օր ձեր բջջային հեռախոսները չեն աշխատի»։
«Սա է միակ վտանգը։ Հետո կարող եք ավելի հանգիստ լինել», – ժպտալով ավելացրել է Դալայ լաման։
Լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչն է երջանկացնում Տիբեթի հոգևոր առաջնորդին։ «Երբ հանդիպում եմ մարդկանց. գուցե առաջին անգամ … բայց զգում եմ, որ ընկերներ ենք։ Ես երբեք չեմ ասում՝ ես բուդդիստ եմ, դուք բուդդիստ չեք», – պատասխանել է Դալայ լաման`հավելելով, թե տիբեթցիները «միշտ կատակներ են անում»։
Նա ժպիտով խոսել է չժպտացող պաշտոնյաների կամ առաջնորդների մասին, «որոնք իրենց վեր են դասում մյուսներից»։ «Ավելի լավ է հանդիպել մարդկանց ժպիտով»,- հայտարարել է Դալայ լաման։
Դալայ Լաման երկուշաբթի օրը ավարտել է իր եռօրյա այցը Պրահա։











































