Կանադայի շրջակա միջավայրի նախարար Պիտեր Քենթը հայտարարել է, որ Կանադան դուրս է գալիս Կիոտոյի արձանագրությունից, որը պարտավորեցնում է անդամներին պայքարել ջերմոցային գազերի արտանետումների դեմ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նա նշել է, որ Կանադան օրինական իրավունք ունի դուրս գալու համաձայնագրից, ինչից և ինքը օգտվում է:
«Կիոտոյի համաձայնագրի գործունեությունը չի տարածվում ջերմոցային գազերի արտանետման համաշխարհային երկու առաջատարների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի վրա,- հայտարարել է Կանադայի շրջակա միջավայրի նախարարը,- հետևաբար համաձայնագիրը չի աշխատում»:
Կիոտոյի համաձայնագրից դուրս գալու մասին Կանադան հայտարարել է այն բանից հետո, երբ Դուրբանում կայացած ՄԱԿ-ի կոնֆերանսի մասնակիցները երկարատև քննարկումներից հետո համաձայնության եկան երկարացնել այդ պայմանագրի ժամկետը մինչև 2015 թ.: Կոնֆերանսին մասնակցում էին ավելի քան 200 երկրների պատվիրակություններ:
Ավելի վաղ Կանադան, Ճապոնիան և Ռուսաստանը հայտարարել էին, որ չեն պատրաստվում ստորագրել արձանագրության նոր տարբերակը: Սակայն Կանադան առաջինն էր և առա՛ժմ միակը, որը պաշտոնապես հայտարարեց համաձայնագրից դուրս գալու մասին:
Կիոտոյի արձանագրությունը ստորագրվել է 1997 թ.: Կանադայի շրջակա միջավայրի նախարարի խոսքերով՝ ինքը չի զարմանա, եթե առաջիկայում համաձայնագրից դուրս գալու մասին հայտարարեն նաև այլ երկրներ:
ԿԻոտոյի արձանագրությունն առաջին միջազգային համաձայնագիրն էր շրջակա միջավայրի պահպանման ոլորտում: Այն պարտադրում է դրա մեջ մտնող երկրներին կրճատել կամ կայունացնել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները: Սակայն արդյունաբերություն զարգացնող մի շարք երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը և Չինաստանը, որոնց բաժին է ընկնում արտանետումների մեծ մասը, ոչ մի պարտավորություն իրենց վրա չեն վերցրել: Իսկ ԱՄՆ-ն Կիոտոյի արձանագրությունը ստորագրել է, բայց չի վավերացրել:









































