1911թ. այս օրը Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվեց Գևորգ 5-րդը (Սուրենյանցը):
Սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–68): Ձեռնադրվել է վարդապետ՝ 1872 թվականին, եպիսկոպոս՝ 1882 թվականին: 1874-ին նշանակվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, 1875 թվականին՝ Արցախի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ: 1877 թվականին ստանձնել է Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի վանահայրությունը, 1878-ից՝ առաջնորդական փոխանորդ Ալեքսանդրապոլում, 1881-ին նշանակվել է Երևանի փոխթեմակալ: 1886-ից՝ Աստրախանի թեմի առաջնորդ:
1894-ին նշանակվել է Վրաստանի թեմի առաջնորդ: 1907 թ. նշանակվել է կաթողիկոսական տեղապահ, 1911թ.` ընտրվել կաթողիկոս: 1912-ին, երբ Հայկական հարցը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, նրա նախաձեռնությամբ կազմվել է Հայ ազգային պատվիրակությունը (Պողոս Նուբարի ղեկավարությամբ), որի վրա դրված էր Հայ դատը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը:
Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուսումնական հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»:
Հովանավորել է Մակար Եկմալյանին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի:
Մեծ եղեռնի ժամանակ և հետագա տարիներին, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ Հայ եկեղեցին օգնել է բազմահազար աղետյալների: 1914-ի դեկտ. 28-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որը զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով: Եղբայրական օգնության կոմիտեի բաժանմունքներ են ստեղծվել Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում և այլուր:
1918-ի մայիսին զգալի դեր է խաղացել թուրքական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտերի կազմակերպման գործում: Սարդարապատի ճակատամարտի բախտորոշ օրերին, չնայած զինվորական ղեկավարության պահանջին, Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը չեն տեղափոխվել ապահով վայր, իսկ Մայր Աթոռի միաբաններն իրենց անմիջական մասնակցությամբ հայ մարտիկներին քաջալերել են ռազմաճակատի առաջին գծում։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո նա կոնդակներով համայն հայությանը կոչ է արել նեցուկ լինել կառավարությանը հայրենաշեն գործում:
1930թ.-ին սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից: Կաթողիկոսական գահին Գևորգ Ե Սուրենյանցին հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանը:











































