ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրաժարվել է ճանաչել Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը (ՍԱԽ)՝ որպես երկրի բնակչության պաշտոնական ներկայացուցիչ: Ինչպես հաղորդում է եգիպտական Al-Ahram թերթը՝ վկայակոչելով սիրիական աղբյուրներին, այս մասին Քլինթոնը հայտարարել է Սիրիայի ընդդիմության առաջնորդ Բուրհան Գալյունի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Պարբերականը գրում է, որ իր որոշումը ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պատճառաբանել է Սիրիայի ընդդիմության «շարքերի միավորման» անհրաժեշտությամբ: Խորհուրդը գլխավորող Գալյունին նա խորհուրդ է տվել բանակցություններ սկսել նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի հեմ հանդես եկող բոլոր ուժերի հետ:
«Ուշիուշով հետևելով Ազգային խորհրդի աշխատանքներին՝ մենք նաև ուշադրությունից բաց չենք թողնում Սիրիայի ընդդիմության այլ շատ կարևոր ներկայացուցիչներին… Նախքան ճանաչում ստանալը՝ պետք է այլ աշխատանք տանել,- նշել է պետքարտուղարը:- Ուզում ենք հիշեցնել, որ անհրաժեշտ է բաց երկխոսություն վարել ընդդիմության բոլոր մասնակիցների հետ, միավորել նրանց շարքերը»:
Հանդիպումը նախաձեռնվել էր ՍԱԽ-ի խնդրանքով, տևել է 16 րոպե:
Քլինթոնը նաև կոչ է արել Գալյունին չմոռանալ իրենց երկրի ազգային փոքրամասնությունների մասին՝ առանց բացառության: «Եթե նրանց չտրվեն լիակատար իրավունքներ որոշումներ կայացնելու հարցում, ապա նրանց մեծ մասն ապագա չունի»,- ընդգծել է Քլինթոնը:








































