РИА Новости-ին տված հարցազրույցի ժամանակ Մինցի անվան Ռադիոտեխնիկական ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սավչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը պլանավորել է մինչև 2019 թվականը վերափոխել Ադրբեջանի տարածքում գտնվող և Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ).
«Գաբալայում գործող հին սերնդի «Դարյալ» տիպի կայանը փոխարինվելու է նոր տիպի «Վորոնեժ-ՎՊ» կայանով։ Այս կայանները մինչև 2020 թվականը պետք է կազմեն հրթիռային հարձակման վաղ զգուշացման ռուսական հեռանկարային համակարգի հիմքը։
Այս կայանը կհանդիսանա Ռուսաստանի սեփականությունը և լինելու է, այսպես ասած, հավաքովի։ Այսինքն՝ այն ցանկացած պահի կարելի է ապամոնտաժել և տեղափոխել այլ տեղ»։
Հիշեցնենք, որ Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը սպառվում է 2012 թվականի դեկտեմբերին։ Ռուսաստանն ու Ադրբեջանը ներկայումս բանակցում են այդ ժամկետը մինչև 2025 թվականը երկարաձգելու շուրջը։









































