ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը Պուտինին համեմատել է Անդերսենի հանրահայտ «Մերկ թագավոր» հեքիաթի հերոսի հետ:
«Մեղք բարդելով Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա, Վլադիմիր Պուտինը փորձում է ապացուցել, որ Ռուսաստանում ցույցերը տեղի են ունենում ոչ թե իշխանությունների մեղքով, այլ դրանք հրահրվել են դրսից, սակայն իրականում դրանք ներռուսական են»,- Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը` ելույթ ունենալով Կարնեգիի՝ միջազգային խաղաղության հիմնադրամում:
Օլբրայթը կարծում է, որ Ռուսաստանի վարչապետը սեփական քարոզչության տակ է ընկել: «Նա հավատացել է, որ իր ժողովրդականությունը մշտական է: Նա նման է Անդերսենի «Մերկ թագավորին», որը կարող է զբոսնել առանց հագուստի: Օլբրայթն ասել է, որ նա վերստեղծել է Ռուսաստանը, վերստեղծել է ռուսական ինքնությունը և այն ներկայացրել է միջազգային ասպարեզում: «Սակայն երկրի բնակչության համար ավելի հուսահատեցնող բան չկա, քան այն գիտակցումը, որ իր ձայնը ոչ մի նշանակություն չունի: Սա այն է, ինչ հիմա անհանգստացնում է ռուսներին: Իսկ ինձ թվում է, որ Պուտինը ստիպված է դրա հետ հաշվի նստել»,- մեջբերում է Օլբրայթին «Ամերիկայի ձայնը»:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին մեղադրել էր Ռուսաստանի տարբեր քաղաքներում ցույցեր հրահրելու մեջ, որի մասնակիցները համոզված են, որ Դումայի ընտրությունների արդյունքները կեղծված են:







































