Այսօր Դիլիջանում մեկնարկել է ՏՀՏ լիդերների հանդիպում՝ նվիրված էլեկտրոնային առևտրի և բիզնեսի առաջխաղացման խնդիրներին:
Ինֆորացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը նշեց, որ էլեկտրոնային առևտուրը զարգացող երկրի ատրիբուտ է, և եթե էլեկտրոնային առևտուր ունենանք Հայաստանում, ուրեմն կարող ենք ասել, որ ունենք զարգացող երկիր: «Պահը հասունացած է, չի կարելի այն կորցնել»,- նշեց Ավոյանը:
Էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը ներկայացրեց կատարված աշխատանքը և վերհանված խնդիրները: Մասնավորապես՝ էլեկտրոնային առևտրի զարգացման համար խնդիրները բաժանվում են երեք հիմնական ոլորտի` մաքսային, հարկային և վճարահաշվարկային համակարգ: Օրինակ՝ մաքսազերծման համար բրոքերային ծառայության գինը Հայաստանում 50 հազար դրամ է, այն դեպքում երբ Վրաստանում արժե 20 հազար: Այս խնդիրը կլուծվեր, եթե առցանց ինքնահայտարարագրման հնարավորություն լիներ, բայց այստեղ էլ որակավորման խնդիր կա: Մաքսավճաը 5000 դրամ է, անգամ՝ փոքր առևտրի դեպքում: Ըստ փոխնախարարի՝ դա կարելի է զրոյացնել առցանց համակարգի ներդրման դեպքում:
Ֆորումի մասնակիցները գլխավոր խնդիրներից մեկն են համարում բանկերի կողմից Visa international e-commerce լիցենզիայի ստացումը, որի լուծման համար բանկերը դեռևս քայլ չեն անում:









































