Տոմազինո անունով «իտալացի» կատուն 10 մլն եվրո ժառանգություն է ստացել: Ինչպես հաղորդում է իտալական La Rebupplica թերթը, Տոմազինոն թափառական կատու է եղել, մինչև նրան որդեգրել է 1917 թ. ծնված Մարիա Ասունտան: Վերջինս ոչ մի հարազատ չի ունեցել և 2009 թ. իր ամբողջ ունեցվածքը, ներառյալ Հռոմի և Միլանի բնակարանները, Կալաբրիայի հողատարածքները և բանկային հաշիվները կտակել է իր կատվին և մյուս անտուն կենդանիներին:
Մարիա Ասունտան մահացել է 2011 թ. նոյեմբերի վերջին: Նրա թողած ընդհանուր ժառանգությունը կազմում է 10 մլն եվրո:
Չորսամյա Տոմազինոյի կարողությունը կտնօրինի 48-ամյա բուժքույր Ստեֆանիան, որը վերջին տարիներին խնամում էր Մարիա Ասունտային:
Մինչ այս, ինչպես նշում է բրիտանական The Guardian թերթը, ամենահարուստ կատուն համարվում էր Բլեկին, որը 1988 թ. իր բրիտանացի տիրոջից 9 մլն ֆունտ սթեռլինգ ժառանգություն էր ստացել:









































