Ֆիլիպիններում թեթև շարժիչային ինքնաթիռը մխրճվել է դպրոցի շենքի մեջ:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, հղում կատարելով տեղի իշխանությունների հայտարարությանը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ Փարանաքյե քաղաքում: Թռիչքից քիչ անց օդաչուն հայտնել է ինքնաթիռում վթարի մասին և արտակարգ վայրէջքի թույլտվություն խնդրել:
Միջադեպի պատճառով զոհվել է առնվազն տասնմեկ մարդ: Դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է, որ այդ օրը պարապմունքներ չեն անցկացվել, սակայն, իշխանությունների և «Կարմիր խաչի» տեղական բաժանմունքի տվյալներով, մահացածներից երկուսը երեխաներ են:
Ունեցած տեղեկությունների համաձայն`վթարի ենթարկված ինքնաթիռը նախատեսված էր վեց կամ ութ մարդու համար: Տեղական իշխանությունները չեն բացառում, որ մահացածների թվում կարող են լինել մարդիկ, ովքեր այդ պահին գտնվում էին շենքի տարածքում: