Պետք է մշակույթ ձևավորել մինչ քարանձավ մտնելը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամ, քարանձավախույզ Գոռ Հովհաննիսյանը`խոսելով քարանձավների ոչնչացման շուրջ:
Ըստ Գ. Հովհաննիսյանի` մարդիկ քարանձավներից պոկում և վաճառում են կարստային հազվագյուտ քարերը, բայց չգիտեն, որ մի քանի ամիս հետո այն սովորական կիր է դառնում: «Տոնավաճառներում կարստային քարերը վաճառում են 150 հազար դրամով»,- նշեց Գ. Հովհաննիսյանը`հավելելով, որ Մոզրովի քարանձավի մուտքն այսօր բաց է և փոշի է ներթափանցում, միկրոկլիման է խաթարվում:
Քարանձավախույզը տեղեկացրեց, որ «Թռչկան» նախաձեռնությունը գումար է հավաքելու Մոզրով քարանձավի մուտքը փակելու նպատակով: Նրա համոզմամբ` քարանձավ մուտքը պետք է կանոնակարգել:
Համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ քարանձավագիտության կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը տեղեկացրեց, որ քարանձավներն ունեն որոշակի ջերմաստիճան, որն անփոփոխ է, ապա հավելեց. «Աշխարհում քարանձավներ շահագործելու և օգտագործելու մեծ փորձ կա»:








































