Грузия Online-ի փոխանցմամբ, Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն հայտարարել է, որ առկա են 3 պատճառներ, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտության վերսկսմանը.
«Դրանցից մեկը Հարավային Օսիայում տիրող ներկայիս իրավիճակն է։ Էդուարդ Կոկոյտին ներկայումս այնպիսի վիճակում է, որ պատրաստ է ամեն տիպի սադրանքի գնալուն։ Կան նաև երկու ենթադրյալ պատճառներ, որոնք կարող են հանգեցնել հակամարտության էսկալացիային։
Նախ՝ հակամարտության վերսկսումը կարող է մտնել բուն Ռուսաստանի շահերի մեջ։ Ռուսական իշխանությունները կարող են գնալ իրավիճակի էսկալացիայի՝ թեկուզ երկրի ներսում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակը շեղելու համար։
Եվ վերջապես՝ դա կարող է պայմանավորված լինել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործոնով, ինչպես նաև Իրանի հետ Արևմուտքի հնարավոր հակամարտությամբ»։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի կեսերին Արեշիձեն հայտարարել էր, որ 2008 թվականին Ռուսաստանը պատերազմ էր պլանավորել, մինչդեռ Վրաստանը՝ ճակատամարտ։







































