Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ երեկ գիշեր Սիրիան միակողմանիորեն փակել է Թուրքիայի սահմանին ընկած Նուսայբինի ու Աքչաքալեի անցակետերը։ Սիրիական կողմն իր այս քայլը պատճառաբանել է սահմանին շինարարական աշխատանքներ ձեռնարկելով։ Սահմանի փակման նախօրեին թուրքական կողմն իրազեկվել է դրա մասին։
Թուրքական կողմն արդեն հայտարարել է, որ ինքը Սիրիայի տարածքը շրջանցելու «խնդիրներ չունի»։ Ծովային ճանապարհից բացի,՝ խոսքը գնում է Իրաք-Հորդանան ցամաքային երթուղու մասին։
Նշվում է, որ թուրք-սիրիական սահմանին երկու կողմից էլ կուտակված են մնում բազմաթիվ ավտոմեքենաներ։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիան նոր պատժամիջոցներ էր սահմանել Սիրիայի նկատմամբ՝ Սիրիայից ներկրվող բոլոր ապրանքների վրա սահմանելով 30 տոկոսանոց հարկ։









































