Միջազգային հոսքերի կարգավորման համար անհրաժեշտ է ունենալ վստահելի միգրացիոն վիճակագրություն: Այս մասին այսօր հրավիրված միգրացիոն վիճակագրության ճշգրտման և թարմացման հնարավորությունների վերաբերյալ քննարկմանը նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Հովստրան:
Ինչպես ներկայացրեց Հովստրան` ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցել է Հայաստանին` ստանալու միգրացիոն հոսքերի վերաբերյալ տվյալներ, մշակելու միգրացիոն կանոնակարգմանը նպաստող փաստաթղթեր: Նա հավաստիացրեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի համագործակցել ազգային կառույցների հետ միգրացիոն կանոնակարգումը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
Հովստրան հույս հայտնեց, որ այս քննարկումը կօգնի որոշակի մեթոդաբանությամբ իրականացնել միգրանտների պրոֆիլավորումը, ինչը կարևոր է միգրացիոն նպատակային քաղաքականություն իրականացնելու գործում:
Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը, խոսելով վիճակագրության մասին, նշեց` սա այն խնդիրն է, որը հետաքրքրում է հանրությանը, սակայն մենք հստակ տվյալների բազա չունենք:
Նա նաև թվարկեց այն 4 հիմնական աղբյուրները, որոնց միջոցով կարող ենք միգրացիոն վիճակագրություն ունենալ` մարդահամարը, ոստիկանության անձնագրային վարչության տվյալները, սահմանային անցակետերում գրանցվող ուղևորահոսքերը, սոցհարցումները:
Վերջում սոցիոլոգը հավելեց` մեզ մոտ լուրջ խնդիր է նաև ներքին միգրացիան, սակայն մենք դրան այսօր ուշադրություն չենք դարձնում:










































