Իտալացի հայտնի հաղորդավար Մայք Բոնջորնոյի՝ գրեթե մեկ տարի առաջ առևանգված աճյունը հայտնաբերվել է Միլանից ոչ հեռու՝ Վիտտուոնե վայրում: Այս մասին հաղորդում է իտալական La Repubblica թերթը:
Բոնջորնոյի որդին, մեկնաբանելով այս լուրը, հայտնել է, որ դա ուրախալի նորություն է, սակայն վերջնականապես համոզվելու համար անհրաժեշտ է փորձաքննություն անցկացնել:
Անհայտ չարագործները նոյեմբերի 25-ի գիշերը բացել էին 2009 թ. մահացած շոումենի գերեզմանը և գողացել նրա աճյունը: Բոնջորնոն եղել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ ընկերը:
Հեռուստատեսությունում իր կարիերան Բոնջորնոն սկսել է 1950-ական թթ.: Նրան համարում են ժամանակակից իտալական հեռուստատեսության հիմնադիրներից մեկը: Նա մեծ հեղինակություն էր վայելում տեղի բնակչության շրջանում, իսկ նրա վարած հաղորդումները մշտապես բարձր վարկանիշ էին ապահովում:









































