1918 սկսվեց հայ-վրացական զինված ընդհարում: (Տևեց մինչև դեկտեմբերի 31-ը):
1918թ. Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Բանն այն էր, որ հայկական երկու գավառներ՝ Լոռին ու Ախալքալաքը մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ։ Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներառել հայաբնակ այդ գավառները։
Հայաստանի կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ-վրացական զինված ընդհարման՝ պատերազմի։ Այն բանից հետո, երբ վրաց իշխանությունները սկսեցին բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հայկական զորամասերը մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց հսկողության տակ առան գավառը։ Հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը։ Փակվեցին ճանապարհները։
Խնդրին միջամտեցին Անտանտի՝ Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց չեզոք գոտի։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ Վերաբացվեցին հաղորդակցության ուղիները։
Հայ-վրացական վիճելի տարածքային խնդիրը վերջնականորեն լուծվեց նրանով, որ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։










































