Ուսումնասիրելով, թե ինչպես է կենդանիների մոտ տեղի ունենում մազերի աճը, գիտնականները պատրաստվում են ճաղատության բուժման նոր ձև գտնել:
Սա կարող է օգնել տղամարդկանց 50 տոկոսին, ովքեր ամբողջովին ճաղատ են, ինչպես նաև՝ տասնյակ հազարավոր կանանց, ովքեր տառապում են մազերի որակի անկումից:
Կենդանիների մոտ մազերի աճը տեղի է ունենում ոչ միայն մաշկի տարբեր հորմոնների պատճառով, այլ նաև մարմնի այլ հատվածներից եկող ազդանշանների հետևանքով:
Եղանակների փոփոխության հետ փոփոխվում են նաև այս ազդանշանները, որի պատճառով էլ կենդանիների մորթին ձմռանը հաստանում է:
Ըստ Mail Online-ի՝ ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Չենգ-Մինգ Չուոնգն ասում է, որ գիտնականները կարող են օգտագործել կենդանիների այս ունակությունը՝ մարդու ճաղատության բուժման նոր ձև մտածելու համար:
Չուոնգն ասում է, որ ճաղատությունը բուժելու համար կարելի է փոխել մազի արմատների շրջակայքը՝ արմատներում ցողունային բջիջներ ներդնելու փոխարեն: Սա կարող է ստեղծել նույն ազդանշանները, որոնք կան կենդանիների մոտ, և նպաստել մազերի աճին:











































