ՅՈւՆԵՍԿՕ-ն հարիսան ճանաչել է որպես թուրքական ազգային կերակուր: Ինչպես տեղեկացնում է Թուրքիայում հրատարակվող «Մարմարա» պարբերականը, լուրը լայնորեն լուսաբանվել է թուրքական լրատվամիջոցներով:
Թերթի փոխանցմամբ, լուրը մեծ աղմուկ է բարձրացրել հայաստանյան հասարակական շրջանակներում: Անտարբեր չեն մնացել նաև նրանք, ովքեր զբաղվում են հայկական խոհանոցային ավանդույթների պահպանությամբ ու զարգացմամբ: «Վերջիններս ներկայում պատրաստվում են բողոքարկել որոշումն ու համակարգված պայքարել նմանօրինակ երևույթների դեմ»,- գրում է «Մարմարան»:
Հարիսայի ստեղծման հստակ օր ու ժամանակաշրջան հնարավոր չէ նշել, քանի որ այն ունի 12 հազար տարվա պատմություն, գրում է թերթը` նշելով, որ բացի դրանից, հարիսայի պատրաստումն ուսումնասիրող հայ խոհարարները վստահ են, որ այն անվիճելիորեն պատկանում է հայկական ազգային խոհանոցին:
«Հայաստանի պատկան շրջանակները զբաղվում են այդ հարցով ու մասնագետների խումբը մեծ աշխատանք է տանում` ապացուցելու, որ հարիսան միմիայն հայկական ազգային կերակուր է»,- գրում է «Մարմարան»:











































