Տիեզերքում կան մեկ և ավելի կիլոմետր տրամագծով երկնաքարեր, որոնք կարող են վտանգավոր լինել Երկիր մոլորակի համար: Այս մասին, ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, հայտնել է Պասադենում Ռեակտիվ շարժման լաբորատորիայի աստղագետ Էմի Մայնցերը: Հենց Պասադենում է Երկրին մոտ գտնվող օբյեկտները դիտարկելու՝ NASA-ի կենտրոնը:
Մայնցերը հիշեցրել է, որ 1998 թ. ԱՄՆ Կոնգրեսը տիեզերական գործակալությանն է հանձնարարել հայտնաբերել և բացահայտել Երկրին մոտ գտնվող մեկ կիլոմետր տրամագիծ ունեցող օբյեկտների 90 տոկոսը: Այդ հանձնարարությունը կատարված է, հայտնաբերվել է օբյեկտների 93 տոկոսը, հիմնականում՝ երկնաքարեր և գիսաստղեր:
2005 թ. ԱՄՆ Կոնգրեսը NASA-ին հանձնարարել էր ստեղծել այն երկնաքարերի դիտարկման ծրագիր, որոնց բախումը մոլորակի հետ կարող էր հանգեցնել աղետալի հետևանքների: Այնուհետև NASA-ն պետք է ներկայացներ իր նկատառումները, թե ինչպես կարելի է խուսափել նման վտանգից:
Այդ ժամանակվա տվյալների համաձայն գոյություն է ունեցել մոտ 20 հազար վտանգավոր երկնային մարմին, որոնց տրամագիծը հասնում էր 140 մետրի:










































