РИА Новости-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում տեղի ունեցած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը մտահոգ է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը վրացական իշխանություններին կդրդի կրկնելու 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները.
«Ես ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին զգուշացրել եմ, որ նրանք, կամա թե ակամա, վրացական ներկայիս ռեժիմին չդրդեն 2008 թվականի օգոստոսյան արկածախնդրության կրկնմանը։
Ես հուսով եմ, որ ՆԱՏՕ-ն պատասխանատու դիրքորոշում կորդեգրի այնպիսի իրադարձությունների խրախուսման նկատմամբ, ինչպիսիք որ տեղի ունեցան 2008 թվականի օգոստոսին այն տարածաշրջանում, որը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար»։
Հիշեցնենք, որ Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական ու եվրաատլանտյան հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն օրեր առաջ EurActiv-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր.
«Երբ Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը կկորցնի այդ օկուպացիան պահպանելու խթանը։ Նա կհասկանա, որ նմանատիպ մեթոդներով անհնար կլինի Վրաստանի հետ պայմանավորվածությունների հասնելը։ Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության դեպքում Ռուսաստանն առավել կառուցողական դիրքորոշում կորդեգրի Վրաստանի հանդեպ»։









































