Սպիտակի երկրաշարժից հետո ընտանիքի կարիքները սկսեցին հոգալ կանայք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Աջակից» բարեգործական միության փոխնախագահ Վահե Թագվորյանը` խոսելով Սպիտակի երկրաշարժի թողած վերքերի և ետերկրաշարժյան խնդիրների շուրջ:
Ըստ Վ. Թագվորյանի` մինչև երկրաշարժը ամեն ինչ ավելի կարգավորված էր, աշխատատեղերն էին բավարար քանակով, այսինքն` բնակչության հիմնական մասը աշխատանք ուներ: «Երկրաշարժից հետո ամենամեծ խնդիրը, որն առաջացավ, անօթևան ընտանիքներն են, նաև՝ աշխատատեղերը: Գյումրի քաղաքն ուներ 40-ից ավելի գործարան, իսկ այսօր մեծ գործազրկության թիվ է ստեղծվել, քանի որ երկրաշարժն այդ ամենն ավերեց: Մեծ սոցիալական խնդիր առաջ բերեց ընտանիքների առջև երկրաշարժը, բնականաբար, եղան խոչընդոտներ ընտանիքներում»,- մեկնաբանեց Վ. Թագվորյանը`հավելելով, որ այսօր երկրաշարժից քսաներեք տարի է անցել, բայց շատերը շարունակում են տնակում բնակվում:
Վահե Թագվորյանը նաև նշեց, որ աշխատանք չունենալու պատճառով արդեն շատ ընտանիքներում ընտանիքի հացը վաստակում են հենց կանայք, այսինքն` ընտանիքներում տղամարդու և կնոջ դերը նույնպես փոխվել է: «Քանի որ տղամարդիկ աշխատանք չեն գտնում, կանայք են փորձում աշխատել, շատ կանայք այժմ առևտրով են զբաղվում, շատ կանայք նաև երկրից դուրս սկսեցին աշխատանք փնտրել»,- վերլուծեց Վ. Թագվորյանը:
Թվարկելով Գյումրիի առաջնային խնդիրները` նա ասաց, որ ամենաառաջին խնդիրը տնակում բնակվող անօթևանների խնդիրն է, բնակարանային խնդիրը և աշխատատեղերի բացակայությունը: «Ժողովուրդն աշխատանք չունի»,- ամփոփեց «Աջակից» բարեգործական միության փոխնախագահը:










































