Բրիտանացի միապետները վտանգում են կորցնել իրենց գլխավոր պատմական լիազորություններից մեկը՝ Անգլիկան եկեղեցու աշխարիկ առաջնորդի դերը: Այս մասին տեղեկություն է պարունակվում այսօր Լոնդոնում հրապարակված Մեծ Բրիտանիայի խորհրդարանի սահմանադրական բարեփոխումների հարցով Կոմիտեի հաղորդագրության մեջ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Արձանագրությամբ Անգլիան 1534 թ. առանձնացել է Վատիկանից ու կաթոլիկությունից և Անգլիայի միապետին հաստատել որպես Եկեղեցու «երկնային տիրակալ»: Դրանից հետո թագավորները և թագուհիները Անգլիկան եկեղեցու առաջնորդի պաշտոնական կարգավիճակ ունեն և կրում են «Անգլիկան հավատի պաշտպանի» տիտղոս: Սակայն, ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, ներկա թագուհի Էլիզաբեթ 2-րդը կարող է զրկվել այդ կարգավիճակից:
Սահմանադրական փոփոխությունների կոմիտեի եզրակացությունների համաձայն՝ հոկտեմբերին ընդունված գահաժառանգման վերաբերյալ փոփոխությունները հնարավորություն են ստեղծում, որպեսզի Բրիտանիայի միապետ դառնա կաթոլիկ, ինչը սակայն հակասում է Անգլիկան եկեղեցու կոնցեպցիային:
Արդյունքում, նման հակասությունները բացառելու համար խորհրդարանականներն առաջարկում են կառավարությանը քննարկել բոլոր հնարավոր տարբերակները՝ ընդհուպ մինչև միապետին Անգլիկան եկեղեցու առաջնորդի կարգավիճակից զրկելը: Առայժմ հայտնի չէ՝ ինչպիսին կլինի Դևիդ Քեմերոնի կոալիցիոն կաբինետի պատասխանը:
Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդը Քենթերբերի արքեպիսկոպոսն է:










































