Սիրիայի նախագահ և զինված ուժերի գերագույն հրամանատար Բաշար Ալ-Ասադը ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ ուժեղ ճնշում չի գործադրում բանակի գործողությունների վրա:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք նա իրեն պատասխանատու է համարում զինվորականների կողմից քաղաքացիների սպանությունների համար, Ասադն ասել է. «Ես ընդամենը նախագահ եմ: Ես այս երկրի սեփականատերը չեմ, և ես չեմ այս զորքերի տերը»: Խոսելով Սիրիայի տարբեր քաղաքներում ապստամբությունը ճնշող ստորաբաժանումների մասին, նա ևս մեկ անգամ նշել է. «Դրանք իմը չեն»:
Տեսնելով լրագրողի շփոթմունքը, նախագահը փորձել է բացատրել. «Գիտեք, տարբերություն կա ապստամբությունը ճնշելու պետական քաղաքականության և որոշ՝ չափազանց տաքարյուն հրամանատարաների կողմից թույլատրված առանձին սխալների միջև: Եվ այդ տարբերությունը հսկայական է»:
Ակնկալվում է, որ Սիրիայի նախագահի հարցազրույցն ամբողջությամբ ABC հեռուստաընկերությունը կցուցադրի դեկտեմբերի 8-ին: Առայժմ մամուլին հայտնի են հարցազրույցի միայն առանձին դրվագներ:
Սիրիայում հակակառավարական ժողովրդական ցույցերը շարունակվում են 2011 թ. մարտից: Մինչ այժմ, ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն, երկրում սպանվել է առնվազն 4000 խաղաղ բնակիչ, ավելի քան 1000 ոստիկան ու զինվորական:










































