News Georgia-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Ալլա Ջիոևան հերքել է մամուլի կողմից շրջանառության մեջ մտած այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանից.
«Ես դեռևս այդպիսի պլաններ չունեմ։ Իմ խոսքերը համատեքստից կտրված են ներկայացրել։ Ես ևս մեկ անգամ դիմում եմ Ռուսաստանի նախագահին ու վարչապետին՝ նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ճանաչելու խնդրանքով։ Բացի այդ, ես հայտարարել եմ, որ միայն ծայրահեղ դեպքում եմ դիտարկում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով ռուսական իշխանություններին դիմելու հնարավորությունը։
Ես մինչև վերջ հետամուտ եմ լինելու այս գործընթացին, քանի որ պաշտպանում եմ իմ սահմանադրական իրավունքները։ Գոյություն չունի նարնջագույն սցենարով որևէ հեղափոխություն։ Մարդիկ հրապարակում հավաքված են իրենց համոզմունքների համար»։
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին Հարավային Օսիայում ստեղծված իրավիճակը համեմատել էր «նարնջագույն հեղափոխության» փորձի հետ, որին, նրա պնդմամբ, հովանավորում են Վրաստանի հատուկ ծառայությունները։










































