ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր հազվադեպ հանդիպում է ունեցել Սիրիայի ընդդիմության առաջնորդների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ Օբամայի վարչակազմը Դամասկոս է վերադարձրել իր դեսպանին, ով 6 շաբաթ առաջ հետ էր կանչվել` անվտանգության նկատառումներից ելնելով:
Ժնևում Քլինթոնը բարեփոխումներին կողմ սիրիացի ակտիվիստների մի խմբի ասել է, որ ցանկանում է լսել, թե նրանք ինչ ծրագրեր ունեն նոր ժողովրդավարական կառավարություն ստեղծելու համար, եթե նրանց հաջողվի նախագահ Բաշար Ասադին և նրա կառավարությանը հեռացնել իշխանությունից:
Սա շատ փոքր դրական քայլ է, բայց հստակ նշան է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել նրանց հետ, ովքեր կարող են առաջնորդներ դառնալ:
Associated Press-ը գրում է որ ընդդիմության ներկայացուցիչների հետ Քլինթոնի այսօրվա հանդիպումը երկրորդն էր այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման օգոստոսին կոչ էր արել Ասադին հեռանալ իշխանությունից:
Ժնևում հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղարությունն արդեն հաղորդել էր, որ Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը վերադառնում է Դամասկոս:








































