News Georgia-ի փոխանցմամբ, Վրաստանում չերքեզների ցեղասպանության հուշարձանը տեղադրվելու է 2012 թվականի գարնան վերջին՝ մայիսին։ Այս մասին հայտարարել է սփյուռքի հարցերով պետնախարարի ապարատի մամլո ծառայության ղեկավար Շորենա Կիրվալիձեն։
Հուշարձանի հեղինակը Կաբարդինո-Բալկարիան ներկայացնող քանդակագործ Խուսան Կոչենսոկովն է։ Հուշարձանը տեղադրվելու է սևծովյան Անակլիա հանգստավայրում՝ Աբխազիայի սահմանի մոտ։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանը 1763-1864 թվականներին Ցարական Ռուսաստանի կողմից չերքեզների նկատմամբ իրականացված զանգվածային սպանություններն ու բռնագաղթը միաձայն ճանաչեց որպես ցեղասպանություն: Դրանով Վրաստանը համարձակ քայլ կատարեց` դառնալով աշխարհի առաջին երկիրը, որը նման քայլի է գնում մոտ 150 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի առումով:










































