WikiLeaks -ին տեղեկություններ փոխանցող Բրեդլի Մենինգի հոգեբանը, որը վերջինիս հետազոտել էր ձերբակալությունից հինգ ամիս առաջ, հայտարարել է, որ դեռևս ծառայության ընթացքում նա նախազգուշացրել է զինվորի անկայուն էմոցիոնալ հոգեվիճակի մասին: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
The Guardian-ը գրում է, որ հոգեբանը խորհուրդ է տվել Մենինգին ազատել գիշերային հերթապահութուններից և չհանձնարարել գործեր, որոնք պահանջում են մեծ ջանքեր: Բացի այդ, հոգեբանը եկել է այն եզրակացության, որ Մենինգը վտանգ է ներկայացնում իր և շրջակա միջավայրի համար:
Այս բոլոր եզրահանգումները և տվյալները մտադիր է օգտագործել Մենինգի փաստաբան Դևիդ Քումբսը: Մասնավորապես՝ Քումբսը հաղորդել է Մենինգի հետ ծառայած մեկ այլ զինվորի ցուցմունքների մասին, որը հայտարարել էր, որ Մենինգը գենդերային ինքնության հետ կապված խնդիրներ ունի:
Քումբսը հույս ունի դատարան կանչել 48 վկաների: Բացի Մենինգի ծառայակիցներից և բժշկից, նա մտադիր է հրավիրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և պետքարտուղար Հիլանրի Քլինթոնին, որոնք, ինչպես նշում է Associated Press գործակալությունը, դժվար ցուցմունք տան:
ԱՄՆ ցամաքային բանակի շարքային Բրեդլի Մենինգը մեղադրվում է WikiLeaks-ին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ: Նրան ձերբակալել են 2010 թվականի մայիսին: 2011 թվականի մարտին Մենիգին 22 կետից բաղկացած մեղադրանք է առաջադրվել: Զինվորական դատարանը նրա գործը վերանայելու է դեկտեմբերի 16-ին:









































