ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը КоммерсантЪ թերթի համար գրված հոդվածում հայտարարել է, որ Դաշինքը ընդհանուր անվտանգության նպատակով պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ հակահրթիռռային պաշտպանության բնագավառում` չնայած Դմիտրի Մեդվեդևի կոպիտ արտահայտություններին:
«Ես ուրախ եմ, որ նախագահ Մեդվեդևը դռները չի փակել ՆԱՏՕ-ի հետ հակահրթիռային պաշտպանության բնագավառում հետագա բանակցությունների համար: Մենք այդ երկխոսությունն առաջարկելու են ՌԴ-ին. ՆԱՏՕ-ն դռները չի փակում»,- գրել է գլխավոր քարտուղարը` մատանշելով, որ Ռուսաստանի և Դաշինքի առջև հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար կանգնած են ընդհանուր խնդիրներ:
Ռասմուսենը նշել է, որ Ռուսաստանը նաև բալիստիկ հրթիռների հարձակման վտանգի տակ է: Ավելի քան 30 երկրներ մշակում են հրթիռային առաջավոր տեխնոլոգիաներ: Որոշները նույնիսկ արդեն ունեն հրթիռները:
Հակահրթիռային պաշտպանության բնագավառում համագործակցությունը ունի ոչ միայն ռազմական, այլև քաղաքական նշանակություն: Ռասմուսենը նշում է, թե այս երկու բնագավառներում համագործակցությունը ցույց կտա, որ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն կարող են անվտանգություն հիմնել իրար հետ, այլ ոչ թե մեկը մյուսի դեմ:
Ռասմուսենը նաև հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրները երեք առաջարկ են ներկայացրել Ռուսաստանին, որոնք պետք է նպաստեն Ռուսաստանի հետ համագործակցությանը: Նրանց թվում է հակահրթիռային պաշտպանության ծրագրերի թափանցիկությունը, 2012 թվականին համատեղ ուսուցումներ անցկացնելն ու համատեղ հակահրթիռային պաշտպանության երկու կենտրոններ ստեղծելը. մեկը՝ տվյալների փոխանակման, մյուսը` նախագծմանը նպաստելու համար:
«Սա նշանակում է, որ մենք լուրջ ենք վերաբերվում Ռուսաստանի հետ համագործակցությանը»,- ասել է Ռասմուսենը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Իվո Դալդերը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը շարունակելու է Եվրոպայում կառուցել հակահրթիռային պաշտպանության համակարգեր` հաշվի չառնելով Ռուսաստանի կարծիքը:











































