«Եդինայա Ռոսիան» երկար տարիներ Ռուսաստանի իշխող քաղաքական ուժն է եղել, և այս անգամ Պետդումայի ընտրություններում նրա՝ համեմատաբար քիչ ձայներ հավաքելը կարող է այլընտրանքի փնտրտուքի նշան լինել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:
«Ի վերջո, ժողովրդավար պայմաններում որևէ ուժ միշտ էլ կորցնում է քվեների քանակը: Կարծես թե ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ կուսակցության ղեկավարը ՌԴ հաջորդ նախագահ կդառնա: Այս ամենը, հավանաբար, հաշվի է առնում նաև ժողովուրդը և չի ցանկանում մեկ ուժի բացարձակ իշխանություն տալ»,- նկատեց Շահբազյանը:
Հարցին՝ «Եդինայա Ռոսիայի» հավաքած համեմատաբար նվազ ձայների առումով դասեր ունի՞ քաղելու ՀՀ իշխող Հանրապետական կուսակցությունը, պատգամավորը պատասխանեց. «Ընդհանրապես, որևէ ուժ չի կարող հավերժ ղեկավարել: Եթե կան դժգոհություններ, ուրեմն հասկանալի է, որ դրանք չեն կարող չազդել իշխող ուժի հեղինակության վրա»: