Կառավարության մշակած արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման ռազմավարությունը լուրջ չէ, քանի որ դրա կարողությունը չկա: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, ամեն-ինչ կարելի է հայտարարել. «Ես չեմ տեսնում լուրջ մտավոր և գործունյա ուժեր, որ կարող են Հայաստանի բարօրության համար գործ անել»:
Հ. Մեսրոբյանի կարծիքով՝ այս ռազմավարությունը հերթական PR ակցիա է, կամ ցույց է տրվում, թե գործ են անում, մտածում են, ուղղություններ են որոշում: Նա շեշտեց, որ ծրագրեր մշակելու համար նախ գագաթնային հարցը պետք է տրվի՝ ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում ունենալ 2015 թ., 2020 և 2025 թթ.: Օրինակ՝ որոշում ենք դոմինանտ լինել տարածաշրջանում, ունենալ ամենաառաջ գնացող կրթական համակարգը, ունենալ հզոր պետություն բոլոր կառույցներով, այսինքն՝ ինչպիսի պետություն ենք ուզում՝ հանրապետական կամ այլ ձևի:
«Մինչև այդ հարցի պատասխանը չենք տալիս, առանձին ճյուղերի պլանավորումն անիմաստ բան է»,- ասաց Հ. Մեսրոբյանը:











































