Facebook սոցիալական ցանցում այսօր ստեղծվել է «Ես դեմ եմ քաղաքի մի մաս դարձած «Փարիզյան» սրճարանի ապամոնտաժմանը» էջը, որի հեղինակը սոցցանցի օգտատերերից մեկն է՝ Անուշիկ Ավետյանը։ Էջին արդեն հավանություն է տվել շուրջ 160 մարդ, ովքեր դեմ են Աբովյան փողոցում տեղակայված փոքրիկ սրճարանի ապամոնտաժմանը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներն այցելել են Աբովյան փողոցում գործող «Փարիզյան սուրճ» սրճարան և սրճարանատիրոջից՝ Աշխեն-Վալերի Գործունյանից պահանջել ապամոնտաժել բացօթյա սրճարանը։ Վերջիններս Գործունյանին փոխանցել են քաղաքապետի որոշումը՝ քանդել սրճարանի բացօթյա հատվածը։
Ինչպես արդեն հայտնի է դարձել, «Փարիզյան սուրճ» սրճարանի բացօթյա հատվածի մի մասն ապամոնտաժվել է:
«Երևանն իմ քաղաքն է: Ես դեմ եմ քաղաքի մի մաս դարձած այդ սրճարանի ապամոնտաժմանը: Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր սիրում են այս սրճարանը՝ համախմբվել և չթողնել, որպեսզի ապամոնտաժվի մեր սիրելի սրճարանը»,- կոչ է անում միջոցառման հեղինակը:
Facebook-յան օգտատերերից մեկը՝ Միքայել Զոլյանը, գրում է. «Կաֆեները ապամոնտաժում եք, օպերայի կաֆեները ապամոնտաժեք, կամ էլ էն Խանջյանի վրայի Հին Հռոմը ապամոնտաժեք, Փարիզյան սուրճը ում ա խանգարում, որ ապամոնտաժում եք»։
Մեկ այլ օգտատեր էլ՝ Անի Ասատրյանը, գրում է. «Քաղաքի տերը ես եմ, սրճարանի հաճախորդը ես եմ, սրճարանն ինձ դուր ա գալիս, ու ես չեմ հիշում, որ համաձայնած լինեմ, որ քաղաքապետարանն իմ փոխարեն որոշի, թե ես ինչ եմ ուզում, որն ա իմ համար ավելի հարմար կամ սիրուն», իսկ գրող Լուսինե Վայաչյանն էլ գրում է հետևյալը. «Ես «Կետիկնոց» եմ սիրում գնալ, փարիզյանի «կլիենտ» չեմ, բայց ապամոնտաժելու գաղափարը վանդալիզմի ոգի ունի»։
Ֆեսբուքյան այս էջին օգտատերերի մեկնաբանություններն ավելանում են րոպե առ րոպե։










































