Ազգային ժողովի հերթական քառօրյայում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց հարկային փաթեթում ներառված օրենքների մեծ մասը: Մասնավորապես, «Հարկերի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը և այլ:
Երկրորդ ընթացմամբ քննարկվեց «ԱԱՀ մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Ֆիննախարարի տեղակալ Սուրեն Կարայանը պարզաբանեց, որ ընդունվել է ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը 30%-ի փոխարեն 20%-ով ավելացնելու առաջարկը:
Քննարկվեցին նաև «Ակցիզային հարկի մասին» , ՀՀ մաքսային օրենսգրքում, «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում», «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ փոփոխվել են ավտոմեքենաների ներմուծման ժամանակ շքեղության հարկ գանձելու չափանիշները՝ կհարկվեն 30 մլն-ի փոխարեն 25 մլն դրամ արժեք ունեցող, 3 տարեկանի փոխարեն 2 տարեկան և 4,000 խմ-ի փոխարեն 4,500 խմ ծավալ ունեցող շարժիչներով մեքենաները:
«Երկարատև հանձնաժողովում բանավեճերից հետո օրինագծին տրվել է դրական եզրակացություն»,- ասաց Վ.Այվազյանը:
Նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին նաև «Հաստատագրված վճարների մասին», «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:









































