Gazeta.ru-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջին անգամ մեկնաբանել է Հարավային Օսիայում տիրող իրավիճակը, ուր Կրեմլի աջակցությունը վայելող նախագահական թեկնածու Անատոլի Բիբիլովի պարտությունից հետո ընդդիմադիր թեկնածու Ալլա Ջիոևան պայքարում է իշխանության գալու համար։
Մեդվեդևն այդ ամենը որակել է որպես կլանային պայքար. «Իրավիճակը Հարավային Օսիայում զարգանում է ներքին կանոններով, ինչը բնորոշ է փոքր տարածք ունեցող կազմավորումներին։ Վատ է, որ ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադառնում հանրապետության վրա, որին մենք աջակցել ենք և աջակցելու ենք։
Նրանք պետք է իրենք պայմանավորվեն, թե ինչպես ղեկավարեն իրենց երկիրը։ Բնականաբար, մենք պատրաստ ենք օգնել նրանց՝ մեր դիտորդների առկայության տեսքով։ Մենք բնականաբար դա կանենք, սակայն թող նրանք պայմանավորվեն և հասկանան, որ իշխանությունը պատասխանատու է այդ փոքր, սակայն հպարտ երկրի ճակատագրի համար»։










































