Справедливая Россия կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը ամենաթողություն է անվանել Սանկտ Պետերբուրգի ընտրական տեղամասերում ստեղծված իրավիճակը:
Ինչպես հայտնում է РБК-ն, իր բլոգում կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ Հյուսիսային մայրաքաղաքում «տեղի է ունենում ամենաթողություն` համարձակորեն արտագրվում են արձանագրությունները»:
Բացի այդ, Միրոնովը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է քաղաքի Օրենսդիր ժողովի պատգամավոր Ալեքսեյ Կովալյովը: Նա նաև խոստացել է ցույց կազմակերպել և մարդկանց փողոց դուրս բերել` կապված ընտրությունների և ձայների հաշվարկների ժամանակ տեղի ունեցած խախտումների հետ:
Ընտրությունների 30 տոկոս քվեաթերթիկների հաշվարկման արդյունքում պարզվել է, որ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի հինգերորդ գումարմանը Единая Россия-ն հավաքել է 34,45 տոկոս ձայն: Այսպիսի տվյալներ է հրապարակել քաղաքի ընտրական հանձնաժողովը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Справедливая Россия-ն` 24,5 տոկոս ձայներով, երրորդ տեղը КПРФ-ն` 14,26 տոկոս և Яблоко-ն` 13,10 տոկոս:
Պետք է նշել, որ տեղական ընտրական հանձնաժողովը մինչ այժմ չի տվել Պետդումայի ընտրությունների տվյալները:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 4-ին: Ձայների 93,28 տոկոս հաշվարկի արդյունքում` Единая Россия-ն հավաքել է 49,72 տոկոս ձայն, КПРФ-ն` 19,15, Справедливая Россия-ն` 13,16, իսկ Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը՝ 11,67 տոկոս ձայն:











































