ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը այսօր Հունաստանում իրեն թույլ է տվել կատակել՝ կապված Հունաստանին տրամադրվող ամերիկյան օգնության հետ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասին ներկայացնելով պատվիրակության անդամներից մեկին՝ Բայդենն ասել է. «Այս մարդը ներկայացնում է գանձարանը: Նա հարյուր միլիոնավոր դոլարներ է բերել»:
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ փոխնաագահի այս խոսքերն ընդհանուր ծիծաղ են առաջացրել երկու կողմերի պատվիրակությունների մեջ:
Ավելի ուշ Բայդենն արդեն միանգամայն լուրջ հայտարարել է, որ ԱՄՆ-ը հնարավորության սահմաններում պատրաստ է օգնել Աթենքին: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը պաշտպանում է Հունաստանին, որը ստիպված է կատարել Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրամիության խիստ պայմանները:
Նշենք, որ Բայդենի այցը Հունաստան նախորդում է օրերս Բրյուսելում կայանալիք կարևոր գագաթնաժողովին, որի ժամանակ կքննարկվեն պարտքային ճգնաժամի հաղթահարման մեթոդները:









































