«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը:
– Դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, թե մեծ հույսեր են կապում այդ հանդիպման հետ: Պարոն Վլասով, Ձեր կարծիքով, ներկայիս իրավիճակում ինչի՞ց է բխում համանախագահների հույսը:
– Իհարկե, առաջընթացի հույս միշտ էլ պետք է ունենալ, քանզի հարցը պետք է լուծել: Այդ խնդրում չափազանց կարևոր է նաև հոգեբանական մթնոլորտը: Նման հայտարարությունները հիմնականում այդ նպատակին են ծառայում: Բայց, անկեղծ ասած, կարճատև ժամանակահատվածում դրական զարգացումներ տեսանելի չեն, և խոսել այն մասին, թե առաջիկա հանդիպման ժամանակ ինչ-որ առաջընթաց կլինի, կարծում եմ՝ այդքան էլ իրական չէ, քանզի դրան դեռևս պատրաստ չեն ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն, ո՛չ էլ միջնորդները: Բայց ամեն անգամ, երբ չինովնիկները խոսում են այն մասին, թե կա հույս առաջիկա հանդիպումից, նշանակում է, որ պետք է ստեղծել լավ ական ականապատված խաղում, որպեսզի թե՛ միջազգային հանրությունը, թե՛ հակամարտող կողմերը մտածեն, թե քիչ է մնացել, ու առաջընթաց կլինի: Բայց պետք է լինել իրատես և հասկանալ, որ դրական առաջընթացի համար նախադրյալներ չկան:
– Պոպովը նաև հայտարարել է, որ իրենք հույս ունեն, որ վիլնյուսյան հանդիպման ժամանակ կողմերը կընդունեն հակամարտության խաղաղ կարգավորման ու ստատուս քվոյի շրջանակներից դուրս գալու կարևորությունը: Ձեր կարծիքով` այսօր կա՞ն այն նախադրյալները, որոնց միջոցով հնարավոր կլինի դուրս գալ ստատուս քվոյի շրջանակներից:
– Կարծում եմ, որ ոչ, և պետք է ընդգծեմ, որ նման որոշման համար գոնե մինչ այդ այս կամ այն կողմի մոտ պետք է նկատվեր միտում դիրքորոշման փոփոխության հարցում: Սակայն նման բան չկա. ավելին` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունը, թե ԼՂ հարցի կարգավորումը պետք է ընթանա քաղաքացիական հասարակության ներգրավումով, տպավորություն է ստեղծում, թե խնդրի կարգավորումը մի ամբողջ պտույտ է կատարել, և այժմ գործընթացը սկսվում է նորից այն կետից, ինչից տարիներ առաջ սկսվել է: Այսինքն` առաջընթաց ես չեմ տեսնում:
– Տարածաշրջանային վերջին այցից հետո համանախագահները նշեցին, որ պետք է ներդրվեն շփման գծում տեղի ունեցող դեպքերի հետաքննման մեխանիզմներ: Ձեր կարծիքով` Վիլնյուսում կայանալիք հանդիպման ժամանակ այդ հարցի շուրջ վերջնական համաձայնություն ձեռք կբերվի՞:
– Կարծում եմ, որ չափազանց հավանական է, որ ինչ-որ փաստաթուղթ կպատրաստվի, բայց հարցն այն է, թե արդյոք այն կստորագրվի՞ և որքանո՞վ այն արդյունավետ կլինի: Բայց պարզ է, որ որպես այդ հանդիպման արդյունք փաստաթուղթ պետք է լինի, որպեսզի չստացվի այնպես, որ հանդիպումն անարդյունք է անցել, բայց, իհարկե, այստեղ կարևոր է վերջնական արդյունքը:
– Իսկ, Ձեր կարծիքով, ընդհանուր առմամբ այդ մեխանիզմների ներդրման հավանականություն կա՞, հաշվի առնելով, որ դրանց մասին խոսվել է նաև նախկինում, սակայն Ադրբեջանը միշտ էլ հրաժարվել է դրանք իրականացնել:
– Կարծում եմ՝ դրանց ներդրման հավանականությունն այս անգամ հիսուն տոկոսից ավելի է:









































