Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը չի կարծում, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հայտնած ցանկությունը՝ մոտակա ամիսներին վավերացված տեսնել հայ-թուրքական արձանագրությունները, իրականում կյանքի կոչվի: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Որքան էլ ԱՄՆ-ը շահագրգռված լինի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացով և որքան էլ գոհունակություն հայտնի դրանց՝ թուրքական խորհրդարան վերադառնալու առնչությամբ, վերջնական որոշում կայացնողն, անտարակույս, Թուրքիան է»,- նկատեց թուրքագետը:
Նշենք, որ այցով Թուրքիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը այդ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի և խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ հանդիպումներում ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային։
Բայդենն իր գոհունակությունն է հայտնել, որ հայ-թուրքական արձանագրությունները կրկին Թուրքիայի խորհրդարան են վերադարձվել։ Նա նաև հույս է հայտնել, որ դրանք առաջիկա ամիսներին կվավերացվեն։










































