Грузия Online-ի փոխանցմամբ, Շվեյցարիան վրացական կողմին է հանձնել այն ընկերությունների ցանկը, որոնցից մեկն ընտրվելու է ռուս-վրացական սահմանին բեռների տեղաշարժի վրա վերահսկողություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն։
Կապանաձեի խոսքերով, վրացական կողմը ներկայումս դիտարկում է այդ ցանկը և կհայտնի իր դիրքորոշումը, սակայն ընտրության իրավունքը վերապահված է Շվեյցարիային։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 9-ին Վրաստանի ու Ռուսաստանի կառավարությունները Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրեցին Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ, որի հիմքում ընկած էր ռուս-վրացական սահմանին բեռնափոխադրման մոնիտորինգային մեխանիզմի ստեղծումը։
Այն բաղկացած է միջազգային մոնիտորինգային և տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգերից։ Մոնիտորինգն անցկացվելու է ռուս-վրացական սահմանի աբխազական (Պսոու) և հարավօսական (Ռոքյան թունել) հատվածներում։











































