Դեկտեմբերի 2-ին ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Իվո Դալդերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է Եվրոպայում զարգացնել հակահրթիռային պաշտպանության համակարգը `չնայած Ռուսաստանի առարկություններին:
Նրա խոսքերով, «Մոսկվայի առարկությունը որոշիչ նշանակություն չունի»: Նախկինի պես որոշիչ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: «Նույնիսկ երկու տարվա համեմատ՝ այսօր վտանգն առավել սպառնալից է»,- ասել է Դալդերը:
«Ռուսաստանին դուր է գալիս, թե չէ, մենք տեղակայելու ենք հակահրթիռային պաշտպանության համակարգերը»,- ասել է նա` Մոսկվային առաջարկելով ինքնուրույն լուծել իրանական խնդիրը:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Բարաք Օբաման որոշ զիջումների գնաց այս հարցում` համաձայնելով վերանայել Լեհաստանում կանխազարկ հրթիռների և Չեխիայում ռադիոտեղորոշիչ համակարգերի տեղակայումը: Սակայն հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման նոր ծրագիրը դժգոհություն է առաջացրել Մոսկվայում: Երկու երկրների միջև բանակցությունները մտել են փակուղի:
Դրան ի պատասխան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը դուրս կգա Ռազմավարական հարձակողական սպառազինության պայմանագրից և կհրաժարվի զինաթափման գործընթացից, եթե ԱՄՆ-ը չհրաժարվի եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելուց:











































